Tags

, , , ,

lasagna , magro, իտալական խոհանոց, իտալական

Գարունը. բացի անհասկանալի եղանակային փոփոխություններից ու անկառավարելի անձրևների պոռթկումից այլ բաներ էլ ունի` թարմ կանաչի, բանջարեղեն: Կարծում եմ հիանալի ժամանակ է սկսել զբաղվել իտալական խոհանոցի ուսումնասիրմամբ: Ի դեպ գարնան դրական կողմերից նաև այն է, որ կարելի է զբոսնել ու վերացնել համեղագույն, բայց ոչ դիետիկ իտալական ուտեստներից ստացված կալորիաները 🙂

Իհարկե սովորաբար ընդունված է սկսել սկզբից (տաֆտոլոգիա), բայց եկեք բաց թողնենք սկիզբն ու ոգեշնչվելու համար սկսենք ոչ թե առանձին պաստայից կամ սոուսից, այլ շատ համեղ, հյութալի լազանյայի բաղադրատոմսից:

Դուք կզարմանաք, թե որքան քիչ է պետք այս համեղ լազանյայի պատրաստման համար: Ի դեպ այն շատ գարնանային է ու առանց միս:

Մեզ հարվավոր է

պաստայի խմորը պատրաստելու համար`

4 բաժակ ալյուր

4-5 ձու

Կես թգ աղ

լցոնման համար`

100 գր տոմատի մածուկ

4 լոլիկ

2 կանաչ սխտոր

1 գլուխ սոխ

5 գդ թարմ, կտրատած ռեհան

Nyam 1Սովորաբար այս բաղադրատոմսում օգտագործում են ռիկոտտա և մոցառելլա, բայց էկոնոմիայի տեսանկյունից վնասակիր այս բաղադրիչները կարելի է փոխարինել (թող ներեն մեզ իտալացիները): Ես օգտագործում եմ տեղական արտադրության գաուդայի համով պանիր (փնտրեք սուպերմարկետներում), տեղական մոցցառելլա և չեդդեր: 70-100 գրամը բավական է, եթե ուզում եք լազանյան լինի թեթև ու բարակ (իտալերեն magro), իսկ եթե նախընտրում եք ավելի յուղային ու հաստ, խնդիր չկա` 300 գրամը նույնպես լավ է:

Դե ինչ, անցնենք խմորի պատրաստմանը: Պահպանելով մեր իտալական կարկանդակի խմորի լավագույն ավանդույթները, առաջարկում եմ այն պատրաստել առանց ամանի` սեղանի վրա: Եթե նախորդ անգամ հենց այդպես էլ արել եք, ուրեմն կհասկանաք, թե որքան հաճելի է դա: Իհարկե հուսով եմ հավեսի չեք ընկել ու առհասարակ հրաժարվել ափսեներից 🙂

Լցնում ենք ողջ ալյուրը սեղանին, մի փոքր փոսիկ բացում և վրան ջարդում 2 ձու, ավելացնում աղը: Հունցում ենք մասսան, մինչև այն միանա, ընթացքում ավելացնում ենք մնացած ձուն, այնքան, մինչև խմորն ամբողջությամբ չմիախառնվի ու կպնի: Տեղափոխեք պատրաստի խմորը թեթև ալյուրոտած մթերային ցելլոֆանի մեջ ու դրեք սառնարանում: 30 րոպեյից ձեր խմորն արդեն ի վիճակի կլինի դիմանալ գրդնակին:

Հանում ենք խմորը, գրդնակում ու կտրում մոտ 3 մմ հաստության ու 30 սմ երկարության կտորներ (կամ չափեք ձեր հրակայուն ամանն ու հարմարեցրեք խմորի չափը դրա հետ): Եռացնում ենք ջուրը մեծ կաթսայում և ուղիղ 30 վայրկյանով գցում խմորիկները դրա մեջ, հետո հանում ենք ու տեղափոխում սառը ջրի մեջ 2 րոպեյով: Դրանից հետո դնում ենք լազանյայի խմորի կտորները չոր սրբիչի վրա և թողնում չորանան:

Ժամանակն է տաքացնել վառարանը 150 աստիճանով և անցնել լցոնման պատրաստմանը:

Թավայի վրա լցրեք 3 գդալ ձեթ և մանր  կտրատված սոխը: Մի քանի վայրկյանից ավելացրեք թարմ, կանաչ , մանր կտրատված սխտորն ու կիսակլոր կտրված լոլիկները (լավագույն համը ստանալու համար խորհուրդ եմ տալիս գնել լոլիկ ոչ թե սուպերմարկետից, այլ որևէ շուկայից ու նախապես համոզվել, որ այն քաղցր է):

Nyam 3Մեզ պետք են թեթևակի կարմրած, բայց ոչ չորացած սոխեր, հիշեք դա ու չձգեք պատրաստման հետ: Իսկ հիմա վերցրեք տոմատի մածուկն ու մի երկու կաթիլ զեյթունի ձեթ, 3 թգ ջուր ավելացրեք դրան նաև աղ, բիբար ըստ ճաշակի: Ավելի հետաքրքիր համ ստանալու համար կօգնի չորացրած կանաչին, հատկապես ծիտրոնը: Եվ այսպես, միջուկը պատրաստ է, լազանյայի պաստան պատրաստ է…անցնենք առաջ:

Մի փոքր կարագ քսեք հրակայուն ամանի մեջ ու շարեք վրան լազանյայի պաստան: Համոզվեք, որ մեր խմորիկները փակում են ամանի հատակն ու ոչ մի անկյուն բաց չեն թողնի: Հիմա ավելացնում ենք վրան լցոնումը, զգուշորեն քսելով բոլոր ծայրերին ու ոչ մի բաց տարածություն չթողնելով: Հիմա ավելացնում ենք մեր երեք պանիրներն ու վրայից լցնում մածուկային սոուսը: Վերջ, հիմա դնում ենք երկրորդ շերտն ու նույնը կրկնում ենք երկրորդ շերտի հետ: Հիմա արդեն իսկապես Վերջ, տեղափոխում ենք վառարան 20-30 րոպեով:

Հանում ենք վառարանից և վայելում չոր գինու հետ ու ոնց ասում են` Buon appetito!

Մինչ նոր իտալական ուտեստ`

Էլլա Կանեգարիան