Tags

, , , , , , , ,

պիցցա մարգարիտա, պիցցա, ռեցեպտ

Հեշտ է պատրաստել ու շատ համեղ` այսպիսին է պիցցայի խմորը: Միգուցե սա մեր` պիցցա սիրելու բազմաթիվ պատճառներից է: Ինչևէ, կարծում եմ պիցցան սիրելու պատճառները կավելանան, եթե ասեմ, որ դրա խմորի մնացորդներից կարելի է պատրաստել ևս 2-3 ուտեստ:

Այսօր կսովորենք պիցցայի խմորից պատրաստել Պիցցա մարգարիտա, Կալցոնե, Պանցառոտտի:

Եվ այսպես, շատ չերկարացնեմ` Մեզ հարկավոր է

2 բաժակ միջին ջերմաստիճանի ջուր

2 թգ թարմ խմորիչ

3 բաժակ ալյուր

Պատրաստման եղանակը, կարծում եմ, ոմանց արդեն ծանոթ է:

Խառնում ենք խմորիչը ջրի հետ, ավելացնում  1 բաժակ ալյուր ու թողնում 15 րոպեյով: Այս ժամանակը մեզ պետք է, որպեսզի համոզվենք, որ մեր խմորիչը կենդանի է և չի փչացնի համեղ պիցցա ունենալու մեր պլանները: 15 րոպե անց լուծույթը պետք է ունենա այսպիսի տեսք:պիցցայի խմորԵթե տեսնում եք բազմաթիվ պղպջակներ, ուրեմն շնորհավոր` ձեր խմորիչը ակտիվ է, կենդանի և լի եռանդով: Շարունակում ենք պատրաստել խմորն ու ավելացնում շաքարավազ, աղ և մնացած ալյուրը: Այս ամենը խառնում ենք այնքան, մինչև դրանք դառնան միասեռ զանգված ու գրեթե դադարեն կպնել ամանի պատերին: Հանեք խմորն ամանից, հունցելով տվեք դրան մեծ գնդի ձև: Հիմա ավելացրեք մի փոքր զեյթունի ձեթ ու տեղափոխեք այլ` փակվող ամանի մեջ, այնուհետև ամենահարմար վայրը, որտեղ խմորը կարող է հանգստանալ: Նման նպատակների համար ես օգտագործում եմ անջատած վառարանը:

Թողնում ենք խմորը վայելի իր արժանի հանգիստը` 2-3 ժամով:

պիցցայի խմոր2 ժամ հետո հանում ենք խմորն ու նուրբ շարժումներով գրդնակում (մի սղմեք գրդնակն ասես խմորը ձեր թշնամին է): Եթե այս խմորը պիցցայի համար եք օգտագործելու, ուրեմն կարող եք մատներով էլ այն տափակացնել ու տալ կլոր ամանի ձևը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ խմորը գրդնակելուց ու պիցցայի ամանի մեջ տեղափոխելուց հետո մի շտապեք վրան ավելացնել տոմատի մածուկ և այլ բաղադրիչները: Թողեք գրդնակած խմորն ամանում ևս 30-40 րոպեյով: Այս ժամանակը պետք է մեր խմորիչն, որպեսզի այն մի փոքր ուռի ու հետագայում դառնա համեղ, դրսից խրթխրթան, ներսից փափուկ պիցցա:

Ի դեպ, եթե ուզում եք բրուքլինյան ոճով պիցցա պատրաստել, ուրեմն արեք նույն խմորն, ուղղակի սենյակային ջերմաստիճանի ջրի փոխարեն օգտագործեք շատ սառը ջուր:

Սա խմորի բաղադրատոմսն էր, որից կարող եք պատրաստել նաև պիտա հացեր, ռոլլեր (հաջորդ պոստերում անպայման դրանք էլ կսովորենք):

Իսկ հիմա անցնենք բուն ուտեստների պատրաստմանը:

#1 Պիցցա Մարգարիտա

SSWF-PizzaMargherita2Թագուհի Մարգարիտայի սիրած պիցցան, որը ստացել է իր անունը մեզ հայտնի է դեռ 1889 թվականից: Համեստ, բայց համեղ համադրություն, որը դժվար չի ստանալ տանը:

Համեղ մարգարիտա ստանալու համար մեզ պետք է`

Փակած պոմիդոր (եթե չեք գտնում, ապա կարող եք օգտագործել այս տարբերակը`  Ունիվերսալ Սոուս)

3 թգ մանրեցրած սխտոր

1 կամ կես բաժակ չորացրած ռեհան

2 ճգ զեյթունի ձեթ

մի փոքր կարմիր կծու բիբարի փաթիլներ կամ փոշի

3 ճգ մոցցառելլա պանիր (Ես օգտագործում եմ տեղական մոցցառելլա, բավականին մատչելի գների է`  1100 ՀՀդ)

Սոուսը պատրաստելու համար տաքացրեք զեյթունի ձեթը թավայի մեջ: Ավելացրեք սխտորը, մի փոքր հետո նաև փակած լոլիկները կամ լոլիկով սոուսը: Աղ, բիբար, կարմիր կծու բիբար, ռեհան և…վերջ: Պիցցայի սոուսը պատրաստ է, կարող եք այն լցնել պիցցայի խմորի վրա (զգույշ եղեք ու միանգամից ողջը մի լցրեք` պետք չէ պիցցայի խմորը լողա սոուսի մեջ): Հիմա ավելացրեք մոցցառելլան ու թարմ ռեհանի տերև:

Տաքացրեք վառարանը մինչև 150 աստիճան ու տեղավորեք պիցցան այնտեղ` 10-15 րոպեյով:

#2 Կալցոնե սպանախով ու սնկով

պիցցայի խմոր, պիցցա, calzone, pizza doughՊիցցայի խմորի ավելցուկներից կարող եք պատրաստել Նեապոլիտանական համեղ ուտեստ` կալցոնե: Սա իմ ամենասիրելի` սպանախով ու սնկով կալցոնեն է, բայց չսահմանափակվեք այսքանով: Լցոնումները բազմազան են` կարող եք հանգիստ ստեղծագործել:

Կալցոնեյի համար մեզ հարկավոր է`

Պիցցայի խմոր

1 կապոց սպանախ

9 հատ խոշոր սունկ

150 գր գաուդա պանիր

Աղ, բիբար

1 պճեղ սխտոր

1 ձու

1 ճգ կաթ

պիցցա, խմորԱմեն ինչ պատրաստվում է արագ ու դինամիկ 🙂  Գրդնակում ենք խմորն ու դանակով բաժանում հավասար մասերի`ստացվում է 8 կամ 9 կտոր: Յուրաքանչյուր կտորը վերցնում ու ձգելով վերածում ենք գնդի: Ստացված գնդերը թողնում ենք 5 րոպեյով, որպեսզի հանգստանան:

5 րոպե անց կրկին գրդնակում ենք գնդերն ու փորձում ստանալ ձեռքի ափի լայնության փոքրիկ կլորակ: Ստացվեց? Դե ուրեմն որոշ ժամանակով հանգիստ թողեք փոքրիկ պիցցա հիշեցնող կլորակներն ու անցեք միջուկի պատրաստմանը:

Զեյթունի ձեթը տաքացրեք թավայի վրա, ավելացրեք սխտորը: Ի դեպ սխտորը կտրատել կամ մանրեցնել պետք չէ: Հիմա ավելացրեք կտրատած սունկը: Մի փոքր սպասեք ու ավելացրեք կտրատած սպանախը: Պահեք թավան կրակի վրա 4-5 րոպե, այնուհետև հանեք սխտորի պճեղն ու անջատեք կրակը` միջուկը պատրաստ է:  Տեղափոխեք մի քանի գդալ միջուկ խմորե կլորակի վրա, ավելացրեք մանրեցրած պանիր ու փակեք խմորը` հաղորդելով դրան կիսալուսնի ձև ու ամուր փակեք ծայրերը: Խմորի մեջտեղում մկրատով կամ դանակով երեք փոքրիկ գիծ բացեք, որպեսզի միջուկը լավ եփի:Հարեք ձուն աղի հետ ու քսեք խմորիկների վրա:

Եթե մոռացել եք ձեր խմորին ավելացնել աղ ու այն շատ անհամ է ստացվել, կարող եք ձուն քսելուց հետո խմորիկների վրա ավելացնել խոշոր աղ` ստացվում է գեղեցիկ ու աղի:)

Տեղափոխեք այս համեղ փոքրիկներին 150 աստիճանի տաքացրած վառարան 20 րոպեյով, կամ մինչև նրանք ստանան համեղ կարմրավուն երանգ:calzone,պիցցայի խմոր

#3 Պանցառոտտի

պիցցայի խմորԿալցոնեյին շատ նման այս ուտեստը մեծ տարածում ունի հատկապես Իտալիայի հարավում: Այս փոքրիկներն ի տարբերություն կալցոնեյի չեն եփվում վառարանում` դրանք տապակվում են թավայի մեջ:

Պանցառոտտի պատրաստելու համար մեզ պետք են`

1 ճգ զեյթունի ձեթ

2 պճեղ սխտոր

Փակած պոմիդոր (Եթե չեք գտնում ապա արեք նույնն, ինչ գրված է պիցցա Մարգարիտայի բաղադրատոմսում)

1 թգ չոր օրեգանո

աղ, բիբար

3 ճգ մոցառելլա

pancerota-kucna-dostavaՊատրաստեք սոուսն այնպես, ինչպես նշված է պիցցա Մարգարիտայի բաղադրատոմսում, ավելացրեք օրեգանոն: Կալցոնեյի պես բացած կլորակների վրա լցրեք այս սոուսն ու ավելացրեք մոցառելլան: Ծալեք խմորը, պինդ փակեք ծայրերն ու տեղափոխեք ձեթոտ թավայի մեջ: Տապակեք այնքան, որ յուրաքանչյուր կողմը ստանա ոսկեգույն երանգ, այնուհետև տեղափոխեք հաստ անձեռոցիկի վրա` յուղազերծելու համար:

Ի դեպ սա դեռ ամենը չէ, ինչ կարելի է պատրաստել պիցցայի խմորով:

Հաջորդ պոստերում կանդրադառնամ այլ ուտեստների ու հացիկների, որոնք կարելի է ստանալ այս խմորից:

Սիրով`

Նյամիկ Էլլա Կանեգարիան